ԵՐԿՐԻ ԲՆԱԿԻՉԸ
Նա հզոր վրձինը երբեմն վայր էր դնում և ձեռքն էր առնում բեղուն ու ինքնատիպ գրիչը։ Վերցնում էր գրիչը, գրում իր խստակյաց գեղագիտության պահանջները բավարարող գործիչների մասին։ Գրել է հոդվածներ և խոհագրություններ։ Նրա գրչով յուրովի պատկերագրվեցին Երվանդ Քոչարն ու Լադո Գուդիաշվիլին, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Հակոբ Կոջոյանը և մեծ սերը` կոթողային արձակագիր Ակսել Բակունցը։ Ի՞նչն էր գրավել Բակունցի գրականությունում Իսաբեկյանին, առաջին հայացքից դժվար է ասել։ Գուցե բակունցյան լեռնային աղբյուրի պես սառնորակ և ամռան տապին հանկարծահաս պայթած կայծակի նման շլացուցիչ լեզու՞ն։ Բակունցն արծաթե տողեր էր քարագրում, որոնք չափազանց նկարագեղ էին։
Իսաբեկյանն ասես քայլում էր Բակունցի բացած լեռնային արահետով, նա գրում էր բանաստեղծություններ, սակայն չէր հրապարակում, գրում էր ինքն իր համար, հավանաբար որպես պարապ վախտի խաղալիք։ 2009-ին լույս ընծայվեց նկարչի անավարտ «Իգդիր» ինքնակենսագրական վեպը։ Դա ձոն էր ծննդավայր քաղաքին։ Դա ձոն էր Էրգրին։ «Իգդիրը» արագ սպառվեց, զի գեղակերտ էր նրա լեզուն, և թանկ էր նրա պատումը։
Երկնավորը շռայլ էր Էդուարդ Իսաբեկյանի հանդեպ։ Տաղանդավոր նկարիչ էր նա, շնորհալի գրող և անզուգական գործիչ։ Հայաստանի ազգային պատկերասրահի պատմության տարեգրքում առանձնանում է նրա անունը։ Ղեկավարել է երկրի գլխավոր կերպարվեստային հաստատությունը 1967-1986 թվականներին, ինչպես որ նկարում և գրում էր, այսինքն, զուսպ առաքելականությամբ։ Նրա օրոք էապես հարստացան պետական (այժմ` ազգային) պատկերասրահի ֆոնդերը և պահոցները, պատկերասրահի մասնաճյուղերը բացվեցին Գյումրիում և Վանաձորում, Հրազդանում և Մարտունիում, Եղեգնաձորում և Ջերմուկում, նաև Հայրապետական աթոռանիստ քաղաք Էջմիածնում։ Այդ տարիներին (առհասարակ իր ողջ ստեղծագործական կյանքում) նա չպճնվեց տիտղոսակիր չինովնիկի հանդերձանքով, ամենուր և ամեն օր Էդուարդ Իսաբեկյանի խոսքն ու գործը բազալտի նման կարծր էր, սակայն կենարար էր իր շիտակությամբ։
Վերացական արվեստի կամ վերացապաշտության հիմնադիր Վասիլի Կանդինսկու արվեստը (1866-1944) արգելված էր և՛ ֆաշիստական Գերմանիայում, և՛ կոմունիստական ՍՍՀՄ-ում։ Նա խախտեց իր ապրած ժամանակի կաղապարները` գրելով «Հոգևորի մասին արվեստում» խորությամբ, նորարարությամբ և անսպասելիությամբ գրեթե դարակազմիկ երկը։ Նրա գերինքնատիպ գործերն այրում էին Գերմանիայում, բանտարկում էին ՍՍՀՄ-ում։ 1930-ի վերջին տարիներին Մոսկվայի թլպատված և հոգեզուրկ կառավարիչները Վասիլի Կանդինսկու ստեղծագործությունները դուրս բերեցին պահոցներից և բաշխեցին հանրապետությունների միջև, աչքից հեռու։ Վրաստանին «նվիրաբերվեց» 3 նկար, Հայաստանին ընդամենը մեկը։ Կայսրության տարբեր մայրաքաղաքների կերպարվեստային պահոցներում Կանդինսկու գլուխգործոցները հանդարտ փոշոտվում էին, պատվում էին խոնավության բացիլներով և խոհեմաբար սպասում լույս աշխարհ գալուն։ Մշտապես կիսով չափ կապիտալիստական հանրապետություն Վրաստանի նախկինում փոխարքայական նստավայր Թբիլիսիում Կանդինսկու նկարները լույսի երես տեսան, ներկայացվեցին ապախորհրդայնացող հասարակությանը 1990-ին, այն էլ ռուսական արվեստին նվիրված ցուցահանդեսում։ Այլ քաղաքներում այս զարմանալի նորարարը դեռ փակի տակ էր։
Բրեժնևյան հոգեկեղեքիչ լճացման տարիներին Հայաստանի պետական պատկերասրահի ռուսական արվեստի բաժնում անթաքույց ցուցադրվում էր Վասիլի Կանդինսկու «Արևելյան սյուիտ» նշանավոր աշխատանքը։
Ցուցադրվում էր պատկերասրահի տնօրեն Էդուարդ Իսաբեկյանի գիտությամբ և օրհնությամբ։
ԵՐԿՐԻ ՆԿԱՐԻՉԸ
Հետևենք տիար Արարատ Աղասյանի բնութագրիչ տողերին. «Իսաբեկյանի լավագույն աշխատանքները բնորոշվում են կոմպոզիցիոն բարդ ու դինամիկ կառուցվածքով, գույների թարմությամբ ու հյութեղությամբ, ներկաշերտի` վրձնահետքերի ու քսվածքների խտությամբ և շոշափելի թանձրությամբ, պիրկ ու պլաստիկ ուրվագծերի էքսպրեսիվ ուժով։
Թեպետ նկարչին լայն ճանաչում բերած, իր կենդանության օրոք նրան «դասականացրած» գրեթե բոլոր աշխատանքները թեմատիկ հորինվածքներ են` ռազմանկարներ, առասպելական, պատմական ու պատմա-հեղափոխական բովանդակությամբ մեծաչափ, հաճախ բազմաֆիգուր կտավներ, միևնույն ժամանակ նրա ստեղծագործական ժառանգության մեջ ծանրակշիռ տեղ են զբաղեցնում նաև նկարչական այլ տեսակներին ու ժանրերին պատկանող գործեր` կենցաղային առօրյա պատկերներ և բնության տեսարաններ, դիմանկարներ ու նատյուրմորտներ, կանացի մերկ ու կիսամերկ ֆիգուրներ, ձիերի ու ձիավորների կերպարներ, այլաբանական ու փոխաբերական իմաստներ կրող աշխատանքներ, գրական երկերի` պատմավեպերի ու պոեմների գրաֆիկական ձևավորումներ...»։
Ակսել Բակունցին նա անդրադարձել է 1960-ին։ Դա գրողի հետմահու առաջին դիմանկարն է։ Գրողը դիրքով հաղթական է, ինչպես որ հաղթական-հավերժական են նրա թիկունքում պատկերված լեռնաշխարհը և բնակավայրը, որոնք ասես ձուլածո են, քնարական շնչով արված արծաթեոսկյա տոներով հագեցած պատկերաքանդակ են։ Բակունցը մտազբաղ է, թիկունքի հզոր հայրենի եզերքն անգամ անզոր է իրականության որոգայթների դեմ, նա սպասում է իր դատավճռին։ Առաջին պլանում հազիվ նշմարելի է կուժը վերցնող կնոջ կերպարը, որը հավերժության ձոն է երկրին, կանցնի, կհեռանա ադամորդի Ակսելը, կանցնեն-կհեռանան շատերը, կմնան լեռները, բնակավայրը և նրանց բնակիչները։
1956-ին Իսաբեկյանը նկարել է իր նշանավոր գործերից մեկը` «Պատանի Դավիթը»։ Վայելչակազմ, գեղադեմ Դավթի ոտքերի առջև խաղաղ նստել է ուլիկը, նրա հրամանին պատրաստ կանգնած է վագրը։ Թիկունքում հայկական լեռնաշխարհն է։ Մի՞թե նա Սասունցի Դավթի պատանեկան հասակում չի պատկերել Արա Գեղեցիկին, որը նույնպես հայ ազնվազարմ ցեղի և հայոց պետական տան պահապանն էր և զինվորը։
Պատմա-հայրենական, պատմա-դիցաբանական, առասպելական և պատմա-հեղափոխական թեմաները գերիշխող են նրա արվեստում։ Սակայն մեկ այլ գերիշխանություն էլ կա Իսաբեկյանի աշխարհում` մերկանդամ կանայք, մերկ կանայք, լվացք անող և այգում հանգստացող, Սևանի ափին հանգրվանած, հարդարվող և լոգանք ընդունող կանայք։ Ամենուր նրանք լիառատորեն կանացի են, սակայն բնավ կրքահարույց չեն։ Իսաբեկյանը վրձնել է հայ ազնվազարմ կնոջը, ըստ էության, ստեղծել է առասպելական Ծովինարի և Նվարդի, պատմական Փառանձեմ թագուհու և Այծեմնիկի հավաքական կերպարը։ Ինչպիսի՜ ինքնամփոփ վեհություն կա այս մորեմերկ կանանց մեջ։ Նրանց մարմինը հանդերձն է նրանց։
ՎԵՐՋՆԱԳԻՐ
Նկարիչն ու գործիչը լքեց մեր մեղավոր աշխարհը 2007-ին և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում, հայոց երևելիների կողքին։ 2013-ին «Հայ արթ» մշակութային կենտրոնի սրահներից մեկում հիմնադրվեց «Էդուարդ Իսաբեկյան» մշտագործող ցուցասրահը, 28 ընտիր աշխատանք քաղաքին նվիրեց որդին` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը։ Ժամանակ անց պարզվեց, որ ցուցասրահը կարոտ է նորոգման։ Այժմ վիճակն այստեղ աղետալի է, անձրևաջրերն ու հալչող ձյունը թափանցում են ցուցասրահ, առաստաղի բետոնե հեծաններից մեկը ճեղքվել է։ Ավելորդ խոնավության և անհրաժեշտ ջերմության բացակայության պատճառով ստեղծագործությունների կյանքն է վտանգված։ 2020-ի սկզբին Երևանի փոխքաղաքապետ Վիրաբյանը, անդրադառնալով բազմաթիվ ահազանգերին, խոստացավ 6-7 ամիս անց հիմնանորոգել ցուցասրահը։
Բայց ինչու՞ ոչ անհապաղ, ոչ հենց այսօր։ Եվ ինչու է այս խնդիրը խնամքով շրջանցում մայրաքաղաքի ավագանին։ Ո՛չ հարևան Վրաստանում, ո՛չ էլ ոչ բարով դրկից Ադրբեջանում չկա նման վայրագ վերաբերմունք մշակութային արժեքների հանդեպ։ Միով բանիվ` գեթ 1 ամիս ինքնազսպվեք, Հայկ Մարության և այլ մայրաքաղաքային պաշտոնատարներ, ինքնազսպվեք, չեղարկեք ձեր բարոյազուրկ պարգևավճարները և հիմնանորոգեք «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը։ Կամ էլ այն ի տնօրինում հանձնեք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ցուցասրահի տարածքում սունկ աճեցրեք։ Հավատացնում եմ, շահավետ բիզնես է։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ